Ավարտված մրցաշրջանով ավարտվում է նաև հանրահայտ շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի պարիսենժերմենյան կարիերան, որը, ի դեպ, նրա մարզական կենսագրության մեջ միակ թիմն է, որտեղ մնաց ամենաշատը՝ չորս երկար ու ձիգ տարի:
Չորս տարվա հիշատակումը որպես այդպիսին, գուցե և չափազանցված է հնչում, սակայն այս աշխարհում ամեն ինչ է հարաբերական, ու հարաբերականի տիրույթից, բնականաբար, չի կարող դուրս մնալ և ժամանակ կոչվածը: Փաստը մնում է փաստ, որ սույն ֆրանսիական ակումբում նա մնաց եղածներից ամենաշատը, ինչպես փաստ է մնում այն, որ այդ չորս տարիներն էլ անխտիր եղան ոսկեբեր:
Սակայն շվեդ «ոսկե տղան» ակումբի պատմության մեջ չմնաց միայն չեմպիոնական չորս ոսկե մեդալով: Դիվիզիոնում անցկացրած տարիներին նա մասնակցեց լիգայի 122 խաղի՝ խփելով 113 գնդակ, դառնալով 43 գոլային փոխանցման հեղինակ: Ներֆրանսիական գավաթային խաղերում նա հեղինակել է 21 գոլ, ակումբի կազմում ընդամենը մեկով պակաս խփել Չեմպիոնների լիգայի 33 խաղում:
Ճիշտ է, «Պարի Սեն Ժերմենում» էլ Իբրահիմովիչին բախտ չվիճակվեց գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթը (թիմը չորս անգամ էլ դուրս մնաց քառորդ եզրափակչի փուլից), սակայն դեռ ամեն ինչ չէ, որ կորած է: Եթե իր երկրի ազգայինի կազմում երբևիցե աշխարհի չեմպիոն դառնալը նրա համար անիրականանալի երազանք է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով (առաջին՝ Շվեդիայի հավաքականը ներկա դրությամբ այն ուժը չէ, որ կարող է հավակնել աշխարհի չեմպիոնի կոչմանը, երկրորդ՝ այս տարվա հոկտեմբերին Զլատանը դառնում է 35 տարեկան), Չեմպիոնների լիգայում այդ շանսերը դեռևս պահպանվում են: Ո՞վ գիտի, գուցե դրա համար էր նաև, որ նա մերժեց չինացիների ֆանտաստիկ առաջարկը (հարյուր միլիոն դոլարի կարգի գումար էին խոստանում) ու նախընտրեց «Մանչեստր Յունայթեդը», որի մարզիչը համաշխարհային ֆուտբոլում նրա նման էքսցենտրիկ անուն է: Այո, այո, բրիտանական լրատվամիջոցների հավաստմամբ Իբրահիմովիչը նախընտրել է Ժոզե Մոուրինյոյի հետ համագործակցելը (իր նոր ակումբի մասին ֆուտբոլիստը պաշտոնական հայտարարություն էր անելու երեկ), ով մերսիսայդցիների գլուխ է հրավիրվել ակումբի ֆերգյուսոնյան դարաշրջանի փառքն ու պատիվը վերականգնելու հեռանկարով:
Իսկ ընդհանրապես, Զլատան Իբրահիմովիչի մարզական կարիերան սկիզբ է առնում շվեդական «Մալմյոյից», որտեղ երեք տարի մնալուց հետո տեղափոխվեց հոլանդական «Այաքս»: Նույնքան Ժամանակ (մի փոքր ավելի) մնաց և այստեղ՝ դառնալով երկրի կրկնակի չեմպիոն:
Հաջորդ կանգառը «Յուվենտուսն» էր՝ դարձյալ երկու չեմպիոնական մեդալով, որոնցից մեկը հետագայում չեղարկվեց՝ իտալական ֆուտբոլում «ծեր սինյորայի» հետ հայտնի սկանդալից հետո: Այդ պատմության մեջ մեղսակցության իր բաժինը չունեցող Իբրահիմովիչն ավարտված մրցաշրջանից հետո հայտնվեց իտալական մեկ այլ թիմում՝ «Ինտերում», և միլանյան ակումբի հետ երեք տարի չեմպիոնական բարձունքում էր:
Այնուհետև «Ինտերին» եկավ փոխարինելու «Բարսելոնը»: Կատալոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթ հասցնող հրաշալի ցատկատախտակ էր, սակայն զլատանյան օրերի «Բարսելոնին» չհաջողվեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել: Ճակատագրի քմահաճույքով թե դիտավորությամբ կիսաեզրափակչում նրա թիմը զիջեց հենց այն ակումբին, որից հեռացել էր: Ի դեպ, այդ տարի եվրոպականի գավաթակիրը դարձավ «Ինտերը», որը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն:
Փաստորեն մեկ տարվա ընդմիջումից հետո Իբրահիմովիչը կրկին վերադարձավ Իտալիա: Այս անգամ ընտրությունը կանգ առավ «Միլան» ակումբի վրա: Առաջին իսկ տարին եղավ չեմպիոնական՝ նրան բերելով իտալական առաջնությունների թվով վեցերորդ ոսկին: Երկրորդ տարում չհաջողվեց կրկնել հաջողությունը, և նա տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»:
«Մալմյոյից» հեռանալուց հետո, իր ողջ մարզական կարիերայի ընթացքում, Զլատան Իբրահիմովիչն ազգային առաջնություններում երկրորդ հորիզոնականից ներքև երբեք չի իջել, բացառութամբ երկու դեպքի, միշտ եղել է չեմպիոնական բարձունքում: Ակումբային ֆուտբոլի այսպիսի կենսագրությամբ համաշխարհային ֆուտբոլում, թերևս, չի կարող պարծենալ ոչ ոք: Ճիշտ է, նրա շահած մրցանակներում չկա ամենահեղինակավորը՝ Չեմպիոնների լիգայինը, սակայն, ինչպես ինքն է բազմիցս նշել, դրանից իր մարզական կենսագրությունը ավելի վատը չի դառնա: ՈՒ եկեք չմոռանանք, որ Իբրահիմովիչը դեռևս իր մարզական բարձունքում է, և, մեկ էլ տեսար, եղավ նաև եվրոպական այդ չեմպիոնականը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ